հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իրանն ու Ռուսաստանը SWIFT-ի նման բանկային համակարգ են գործարկել

Իրանն ու Ռուսաստանը SWIFT-ի նման բանկային համակարգ են գործարկել

Իրանն ու Ռուսաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել իրենց բանկային համակարգերը միացնելու վերաբերյալ, որի միջոցով կհեշտացվեն ֆինանսական եւ բանկային գործարքները, գրում է Mehr լրատվական գործակալությունը։

Իրանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Մոհսեն Քարիմիի խոսքով՝ փաստաթուղթը կհեշտացնի երկու երկրների եւ 13 այլ երկրների միջեւ ֆինանսական եւ բանկային գործարքները։

«Այսուհետ իրանական եւ ռուսական բանկերի ֆինանսական համակարգերը միացված են միմյանց», - ասել է նա՝ հավելելով, որ «արտերկրում գտնվող իրանական բոլոր բանկերը եւ ռուսական համակարգին միացած բոլոր օտարերկրյա բանկերը, որում ընդգրկված են ավելի քան 100 բանկ 13 արտասահմանյան երկրներում (բացի Ռուսաստանից), հարթակի գործարկումից հետո կկարողանան գործարքներ իրականացնել իրանական բանկերի հետ»։

Նրա խոսքով՝ այս համակարգը պաշտպանված է պատժամիջոցներից, քանի որ այն հիմնված է երկու երկրների ներքին ենթակառուցվածքի վրա։

Քարիմին ասել է․ «Այսօր երեկոյան մենք կիրականացնենք առաջին գործողությունը իրանական եւ ռուսական բանկի միջեւ»։

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ներկայացուցիչը հուշագրի ստորագրման արարողությանը, իր հերթին, նշել է, որ այս հուշագրի ամենամեծ առավելությունն այն է, որ դրա վրա չեն կարող ազդել արեւմտյան պատժամիջոցները, եւ «մեր ֆինանսական կառույցներն ավելի լայն կապեր կունենան՝ Իրանում գործող այլ ֆինանսական հաստատությունների եւ կազմակերպությունների հետ սույն Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո»։

  • Կիսվել: