երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իրանն ու ԱՄՆ-ն այսօր բանտարկյալների փոխանակում կկատարեն․ իրանական սառեցված ակտիվները վերադարձվել են

Իրանն ու ԱՄՆ-ն այսօր բանտարկյալների փոխանակում կկատարեն․ իրանական սառեցված ակտիվները վերադարձվել են

Իրանի և ԱՄՆ-ի միջև սեպտեմբերի 18-ին տեղի կունենա բանտարկյալների փոխանակում «հինգը հինգի դիմաց» ձևաչափով։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«ԱՄՆ բանտերում գտնվող Իրանի 5 քաղաքացի և Իրանում բանտարկված 5 ամերիկացի այսօր ազատ կարձակվեն», - Քանաանիի խոսքերն է փոխանցում IRNA գործակալությունը։

Պաշտոնյան հավելել է, որ Իրանի 2 քաղաքացի սեփական կամքով վերադառնում է հայրենիք, 1 իրանցի միանում է իր ընտանիքին երրորդ երկրում, իսկ ևս 2-ը ցանկանում են մնալ ԱՄՆ-ում։

Քանաանին նաև հայտնել է, որ Իրանի ակտիվները, որոնք սառեցվել էին Հարավային Կորեայի բանկերում ԱՄՆ-ի ճնշման պատճառով, սեպտեմբերի 18-ին լիովին գտնվում են Իրանի տրամադրության տակ։

Ըստ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնության՝ Իրանի համար հասանելի է դարձել 6 միլիարդ դոլար գումարը, որը հարավկորեական բանկերում սառեցված էր ամերիկյան պատժամիջոցների պատճառով։

Քանաանին չի բացառել, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում միջնորդների միջոցով կարող են բանակցություններ ընթանալ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին սեպտեմբերի 17-ի գիշեր մեկնել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանին մասնակցելու։

  • Կիսվել: