երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Ուկրաինայում

Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Ուկրաինայում

Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը  Մեւլութ Չավուշօղլուի քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, հայտնում են Իրանի ԱԳՆ-ից, տեղեկացնում է Tasnim-ը։

Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ Թեհրանը պատրաստ է քաղաքական ճանապարհով իր ներդրումն ունենալ ուկրաինական ճգնաժամի դադարեցման ցանկացած գործընթացում։ 

Թուրքիային հաջողություն մաղթելով Անթալիայում Դիվանագիտական համաժողովում հանդիպման եւ Թուրքիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունների անցկացման գործում՝ Աբդոլլահիանն ասել է, որ Դիվանագիտական համաժողովին նաեւ Իրանի ԱԳՆ պատվիրակությունը կմասնակցի։

ԻԻՀ ԱԳՆ-ն, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք պաշտպանում ենք Ուկրաինայում քաղաքական լուծումը եւ պատերազմը դադարեցնելու ու դիվանագիտական կարգավորման վրա ուշադրությունը կենտրոնացնելու քաղաքական նախաձեռնությունը, եւ մենք պատրաստ ենք նպաստել այդ գործընթացի առաջ մղմանը՛՛։

Թուրքիայի ԱԳ նախարարն էլ իր հերթին ընդգծել է երկու նախագահների աջակցությամբ Թեհրանի եւ Անկարայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում արդյունավետ եւ շոշափելի քայլերի անհրաժեշտությունը։ 

Թուրքիայի արտգործնախարարը նաեւ մտահոգություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի սրման, հումանիտար աղետի հավանականության եւ երկրում փախստականների ու միգրանտների աճող հոսքի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման նպատակը տարածաշրջանում հրադադարի հաստատումն է եւ կայուն խաղաղությունը:

  • Կիսվել: