Իրանի տարածքում PKK-ի անդամների ներկայության մասին հայտարարությունը հերքվել է
Արձագանքելով Իրանի տարածքում Թուրքիայի «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների ներկայության կապակցությամբ այդ երկրի ներքին գործերի նախարարի հայտարարությանը, ԻՀՊԿ ռազմացամաքային ուժերի հրամանատարը հերքել է այն, ասելով. «Այդ հայտարարությունն անհիմն է», գրում է parstoday.com-ը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն վերջերս հայտարարել է.«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մի խումբ անդամներ գտնվում են Իրանի հյուսիս արևմուտքում»:
Շաբաթ օրն անդրադառնալով Իրան-Թուրքիա սահմանին տիրող իրավիճակին, ԻՀՊԿ-ի ռազմացամաքային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը նշել է. «Երկու երկրի զինված ուժերը համագործակցում են սահմանին»:
Բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի սահմանին անվտանգություն է հաստատել: Նա հավելել է.«Իրանի տարածքում ահաբեկչական տարրերի ներկայությունն Իսլամական հանրապետության կարմիր գծերից է»: