Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը համաձայնել է վերսկսել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ. աղբյուր
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին համաձայնել է վերսկսել միջուկային բանակցություններն ԱՄՆ–ի հետ: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, որոնք ցանկացել են անանուն մնալ:
Աղբյուրները, մասնավորապես, հայտնել են, որ Իրանի քաղաքական վերնախավն այժմ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դիտարկում է որպես հետագա սրացումից խուսափելու միակ միջոց։ Ղեկավարությունն այժմ հակված է բանակցություններին, քանի որ նրանք տեսել են ռազմական բախման գինը։
«Վերջնական խոսքը գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիինն է: Ներքին աղբյուրները հայտնում են, որ նա և հոգևոր իշխանության համակարգը համաձայնության են եկել միջուկային բանակցությունները վերսկսելու հարցում՝ դրանք Իրանի Իսլամական Հանրապետության գոյատևման համար համարելով կենսական նշանակության»,–գրում է Reuters–ը:
Նշենք, որ Իրանի Արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի արձագանքել Reuters-ի՝ այս թեմայով մեկնաբանության խնդրանքներին։



