Ինչ են առաջարկում ԵՄ առաջնորդներն ուկրաինական հակամարտության վերաբերյալ
Պուտինի հետ հանդիպումից հետո «ճանապարհը բաց է» դեպի խաղաղություն: Բայց կա մի նրբերանգ: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանն ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
«Հաջորդ հանդիպմանը պետք է հասնել հրադադարի, քանի որ տարօրինակ է բարձր մակարդակով բանակցություններ վարել, երբ մարտերը շարունակվում են: Պետք է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ կրակը դադարեցնելու համար»,-ասել է նա՝ հավելելով, որ պետք է հաստատել հրադադար, ինչից հետո անցնել խաղաղության պայմանագրի մշակմանը և իրագործմանը։
Թրամփը առարկել է՝ պատճառաբանելով, որ դա կողմերին վերազինվելու հնարավորություն և պատերազմը նոր թափով շարունակելու առիթ է լինելու։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ առաջարկել է ուկրաինական հակամարտության դադարեցման հարցը քննարկել քառակողմ հանդիպման ժամանակ՝ Եվրոպայի մասնակցությամբ։
Հավելենք, որ Թրամփն Ուկրաինայի հարցով եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ կողմերը կհանգեն լուծումների։ Նա վստահություն է հայտնել, որ Պուտինի և Զելենսկիի մասնակցությամբ Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը կկայանա, հարցը միայն դրա անցկացման ժամկետների մեջ է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ Թրամփին ասել էր, որ պատրաստ է եռակողմ համագործակցության։
«Այսօր մենք կհասնենք բոլոր պայմանավորվածություններին», – հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահը եվրոպական առաջնորդների հետ հանդիպումից առաջ հաջող է անվանել Զելենսկիի հետ իր բանակցությունները․
«Մենք անդրադարձել ենք տարածքների հետ կապված բազմաթիվ հարցերի։ Ես նաև միջնորդավորված խոսեցի Պուտինի հետ։ Հնարավոր է՝ մենք եռակողմ հանդիպում կազմակերպենք», – ասել է Թրամփը՝ խոսելով Զելենսկիի հետ բանակցությունների մասին։
Թրամփը հայտարարել է նաև, որ ԵՄ առաջնորդների և Զելենսկիի հետ հանդիպմանը կքննարկեն տարածքների հնարավոր փոխանակումը։
ԱՄՆ նախագահը ընդգծել է՝ հույս ունի ԵՄ ղեկավարների և Զելենսկիի հետ հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք կհանգեցնեն Ռուսաստանի հետ եռակողմ հանդիպման։
Նա հավելել է՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ գագաթնաժողովում համոզվել է՝ ուկրաինական կարգավորումը հեշտ չէ, բայց լուծելի խնդիր է։
Նշենք, որ ԵՄ երկրների ղեկավարների մասնակցությամբ Թրամփի և Զելենսկիի հանդիպման՝ ԶԼՄ-ների համար բաց հատվածը տևել է մոտ 28 րոպե, այնուհետև սկսվել է Օվալաձև սենյակում փակ բանակցությունը։


