ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մուտքի մոտ վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ զինված ուժերի անօդաչու ստորջրյա սարքը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ԻՀՊԿ-ն, վերահսկողության տակ է վերցրել Հորմուզի նեղուցի մուտքի մոտ ԱՄՆ զինված ուժերի անօդաչու ստորջրյա սարքը։ Այս մասին հայտնել են ԻՀՊԿ-ից:
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ ԻՀՊԿ-ն երեքշաբթի հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերի զինծառայողներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել ԱՄՆ զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարքը՝ Հորմուզի նեղուցի մուտքի մոտ։
«Այսօր լուսադեմին ԻՀՊԿ ռազմածովային ուժերի մարտիկները համապարփակ հետախուզական գործողության շրջանակում Հորմուզի նեղուցի մուտքի մոտ արգելափակել են ԱՄՆ ահաբեկչական բանակի ամենաժամանակակից անօդաչու ստորջրյա սուզանավերից մեկի ճանապարհը: Հարկ է նշել, որ սուզանավն արդեն գրավված է, իսկ դրա պատկերները կհրապարակվեն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում»,–ասվում է ԻՀՊԿ-ի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Կորպուսում հավելել են, որ սարքը հագեցած է համաշխարհային նավաշինության ոլորտի առաջատար տեխնոլոգիաներով և 2025 թվականին ընդգրկվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում։



