Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը բացառել է սահմանադրական փոփոխությունները ԵՄ-ին անդամակցելու համար
Հյուսիսային Մակեդոնիայի կառավարությունը կշարունակի բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են Եվրոպական միությանն անդամակցելու ճանապարհին առաջժաղացման համար, սակայն մտադիր չէ փոփոխություններ մտցնել երկրի սահմանադրության մեջ։ Այդ մտադրության մասին հայտարարել է վարչապետ Հրիստիան Միցկոսկին։
Նրա բնորոշմամբ՝ իշխանությունները կկենտրոնանան բարեփոխումների ծրագրի իրականացման և ներքին խնդիրների լուծման վրա, սակայն չեն համաձայնի սահմանադրական փոփոխություններին՝ առանց հստակ երաշխիքների, որ դա կլինի վերջին պայմանը եվրաինտեգրման ճանապարհին։
Միցկոսկին հիշեցրել է, որ ավելի վաղ Հյուսիսային Մակեդոնիան արդեն գնացել է լուրջ զիջումների, դրանց թվում՝ պետական դրոշի փոփոխությանը, սահմանադրության փոփոխությանը և երկրի անվանափոխմանը, սակայն, նրա կարծիքով, դա չի բերել սպասված արդյունքներին և միայն ուժեղացրել է քաղաքացիների հուսախաբությունը։
Այժմ Հյուսիսային Մակեդոնիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններն արգելափակում է Բուլղարիան։ Սոֆիան պահանջում է սահմանադրության մեջ դրույթներ մտցնել բուլղարական փոքրամասնության վերաբերյալ, ինչպես նաև պնդում է մի շարք պատմական և մշակութային վեճերի լուծումը։ Մասնավորապես, Բուլղարիան չի ճանաչում մակեդոներենը որպես ինքնուրույն լեզու՝ այն համարելով բուլղարերենի բարբառ, և դեմ է իր տարածքում մակեդոնական ազգային փոքրամասնության գոյության մասին հիշատակումներին։
Դրանից առաջ երկրի եվրոատլանտյան ինտեգրումը երկար տարիներ արգելափակում էր Հունաստանը՝ պետության անվանման շուրջ վեճի պատճառով։ Հակամարտությունը կարգավորվեց 2018 թվականին՝ Պրեսպայի համաձայնագրի ստորագրումից հետո, որի արդյունքում երկիրը ստացավ իր ներկայիս անվանումը՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։ 2020 թվականին հանրապետությունը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։


