Հունգարիան, Սերբիան և Ռուսաստանը քննարկել են նոր նավթամուղի կառուցմանը վերաբերող հարցեր. Սիյարտո
Հունգարիան Սերբիայի հետ քննարկել է երկու երկրի միջև նավթամուղի կառուցման հարցը ռուսական նավթի մատակարարումների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ հավելելով, որ քննարկումներին մասնակցել են նաև Ռուսաստանի ներկայացուցիչները:
Սիյարտոն, մասնավորապես, նշել է. «Բրուսելում կայացված մի շարք սխալ որոշումները միջազգային էներգետիկ շուկայում Եվրոպան դրել են դժվարին վիճակում: Այսօր Եվրոպայում էներգիայի գները մի քանի անգամ ավելի են բարձրացել, քան մնացած աշխարհում»:
Նրա խոսքով՝ դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով ռուսական էներգակիրների օգտագործման արգելքը, տրանսպորտային ուղիների փակումը:
«Այսօր (հուլիսի 21-ին) մենք բանակցություններ ենք վարում մեր սերբ և ռուսաստանցի գործընկերների հետ նոր նավթամուղի կառուցման շուրջ, որը Հունգարիան կմիացնի Սերբիայի հետ»,-գրել է նա՝ չնշելով, սակայն, թե այդ բանակցություններին ովքեր են մասնակցել Մոսկվայից և Բելգրադից:


