ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հրթիռակոծվել է Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազան

Հրթիռակոծվել է Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազան

«Իրաքի իսլամական դիմադրություն» շիա շարժման ջոկատները վաղ առավոտյան հարձակվել են Դեր Զոր նահանգի Կոնիկո գազային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա։ Ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, այդ ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ, արդյունքում հարվածներ են հասցվել ռազմական շտաբին ու զինապահեստներին:

Հեռուստաալիքի տվյալով՝ վիրավոր ամերիկացի զինվորականներին 10 ուղղաթիռով տեղափոխել են Իրաք, որտեղ գտնվում է հոսպիտալը։

Շիա գրոհայինների հարձակումն իրականացվել է ի պատասխան ԱՄՆ Զինված ուժերի հրթիռային հարվածներին՝ Սիրիայի արևելքում գործող որոշ օբյեկտների վրա: Ըստ աղբյուրի՝ դրանք ենթադրաբար օգտագործում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ու նրա հետ կապված խմբերը:

«Իրաքի իսլամական դիմադրություն» շարժման ղեկավարն Al Mayadeen հեռուստաալիքին ասել է, որ իր մարտիկները «կշարունակեն գործողություններն ԱՄՆ ռազմակայանների դեմ, քանի դեռ Գազայի հատվածում չի դադարեցվել Իսրայելի ագրեսիան պաղեստինցիների դեմ, քանի դեռ Գազայում հրադադար չի հաստատվել, և այնտեղ մարդասիրական օգնություն չի ստացվել»:

Պենտագոնի տվյալով՝ հոկտեմբերի 17-ից ի վեր ԱՄՆ զորքերը Սիրիայում և Իրաքում հարձակման են ենթարկվել մոտ 50 անգամ: Սիրիայի տարածքում տեղակայված է 900 ամերիկացի զինծառայող, Իրաքում՝ 2500-ը։

  • Կիսվել: