ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարց չի քննարկվում. Ալեքսանյան

Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարց չի քննարկվում. Ալեքսանյան

Պատգամավոր Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարց չի քննարկվում։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 7-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այդ հարցը քննարկվել է կուսակցության վարչությունում, ավելին՝ դուք դրա մասին տեղեկացված եք մեր տարածած մամուլի հաղորդագրությունից։ Նորմալ կուսակցական պրոցես է, իրականում ես վստահ եմ, որ բոլոր կուսակցություններում էլ ինչ-որ միջադեպեր, ինչ-որ դեպքեր, անհամաձայնություններ և հարցեր լինում են։ Ժողովրդավարական կարգերին հարիր կուսակցություններում դրանք լինում են առավել շատ, որովհետև այն, ինչը բնորոշ է քրեաօլիգարխիկ բուրգի կառուցվածք ունեցող կուսակցություններին, բնորոշ չէ ժողովրդավարական կուսակցություններին»։

Ալեքսանյանի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ հատվում են կարգապահական բոլոր գծերը, այդ ժամանակ տեղի է ունենում համապատասխան հարցով նիստ, կայացվում է համապատասխան որոշում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՔՊ կուսակցությունը հաղորդագրությամբ անդրադարձել էր խնդրին՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն եղել, իսկ Հայկ Սարգսյանին հայտարարվել է խիստ նկատողություն։

 

  • Կիսվել: