ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում գտնվող այլ անձանց կողմից մեր երկրում պատվաստումներ ստանալու մասին բազմաթիվ են դիմումները․ Իրանում ՀՀ դեսպան

Հայաստանում գտնվող այլ անձանց կողմից մեր երկրում պատվաստումներ ստանալու մասին բազմաթիվ են դիմումները․ Իրանում ՀՀ դեսպան

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը «Համշահրի» օրաթերթի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում օտարերկրացիների՝ Կորոնավիրուսի դեմ պատվաստման խնդրին:

Դեսպանն ասել է, որ Հայաստանում համաճարակային վիճակը ներկայումս բավարար է, թեև զգոնությունը կորցնելը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արձանագրվել է ինչպես հիվանդացության, այնպես էլ մահվան ցուցանիշների կայունացում: Կորոնավիրուսային համաճարակի գնահատման տեսանկյունից ԵՄ-ը Հայաստանը ճանաչել է «կանաչ գոտի»:

Դեսպանն անդրադարձել է Իրանի քաղաքացիների՝ պատվաստվելու համար Հայաստան այցելելուն ու ԻԻՀ առանձին պաշտոնյաների՝ իրանցիներին հորդորներին՝ պատվաստման նպատակով չմեկնել Հայաստան:

«Ես էլ եմ հանդիպել որոշ պաշտոնյաների և առանձին անհատների կողմից ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ինչ-ինչ մեկնաբանությունների և վերլուծությունների: Եղել են իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ, նույնիսկ արվել են ոչ պատշաճ արտահայտություններ, որոնց հարկ չեմ համարում անդրադառնալ: Ակնհայտ է, որ Հայաստան-Իրան բարձր մակարդակի հարաբերություններին անհարիր են իրականության հետ կապ չունեցող և անկարևոր թեմաների անհարկի արծարծումը:

Բոլոր դեպքերում, քանի որ առկա են նաև որոշ թյուրընկալումներ, հարկ եմ համարում որոշակի տեղեկություններ հաղորդել: Ս.թ. ապրիլի 23-ին հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որով թույլատրվել է Հայաստանում գտնվող օտարերկրացիների պատվաստումն անվճար և կամավորության սկզբունքով:

Նման որոշման համար հիմք են ծառայել Հայաստանում գործող մի շարք օտարերկրյա դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հանգամանքների բերումով Հայաստանում գտնվող այլ անձանց կողմից մեր երկրում պատվաստումներ ստանալու մասին բազմաթիվ դիմումները:

Հարկ է նշել, որ մինչ օրս իրականացված պատվաստումների բացարձակ մեծամասնությունն իրականացված է ՀՀ քաղաքացիների և Հայաստանում մշտական բնակություն ունեցողների նկատմամբ, և որոշակի չափով նաև այս ծառայությունից օգտվել են օտարերկրացիները: Այս ընթացքում այդ հնարավորությունից օգտվել են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում նաև իրանցիներ»,-ասել է դեսպանը։

Արտաշես Թումանյանը նշել է, որ լրացում է կատարվել գործող կարգում, համաձայն որի՝ օտարերկրացիների նկատմամբ Կորոնավիրուսի դեմ պատվաստումներ թույլատրվում են, եթե վերջիններս Հայաստանում են գտնվում ավելի քան 10 օր:

«Դա հնարավորություն կտա առավել հասցեական դարձնել պատվաստման գործընթացը՝ թիրախավորելով Հայաստանում օբյեկտիվ անհրաժեշտությամբ գտնվող օտարերկրացիներին»,-ասել է դեսպանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: