կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունն անհանգստացնող է. Պեսկով

Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունն անհանգստացնող է. Պեսկով

Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունն անհանգստացնող է:

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերվում է վարժանքներին, իհարկե, նման լուրերը մտահոգություն են առաջացնում հատկապես ստեղծված իրավիճակում։

Ուստի՝ մենք խորապես կվերլուծենք այս լուրերը և կհետևենք իրավիճակին»,-  նշել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

  • Կիսվել: