ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հավատարիմ ենք ՄԱԳԱՏԷ-ի առաջ ստանձնած պարտավորություններին. Իրան

Հավատարիմ ենք ՄԱԳԱՏԷ-ի առաջ ստանձնած պարտավորություններին. Իրան

Անդրադառնալով Իրանի ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցությանը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Թեհրանը հավատարիմ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առջև ստանձնած պարտավորություններին», գրում է parstoday.com-ը: 

Նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ի պատասխանատուները հայտարարել են, որ երկու օբյեկտներ ստուգելուց հետո,  այլևս ստուգման հետ կապված պահանջ չունեն Իրանից, Ալի Աքբար Սալեհին ասել է.«Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն գիտեն այդ օբյեկտներն այցելելու թվականը, սակայն այդ մասին հրապարակավ չեն հայտարարելու»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է, որ եթե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պարտավորությունների շրջանակում  Իրանից  պահանջներ ունենա. ապա դրանք պետք է լինեն տրամաբանական, արդարացի և երաշխիքների շուրջ համաձայնագրի ու Լրացուցիչ արձանագրության շրջանակներում:

Ընդգծելով, որ Թեհրանը երբեք ՄԱԳԱՏԷ-ին չի ասել, որ  թույլ չի տա որևէ օբյեկտ ստուգել, Սալեհին նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն ապացուցել է, որ  ի տարբերություն ամերիկացիների, կատարում է իր ստանձնած պարտավորություններն ու տված խոստումները»: 

  • Կիսվել: