կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է հումանիտար դադարի դիմաց ազատել մինչև 15 պատանդի. The New York Times

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է հումանիտար դադարի դիմաց ազատել մինչև 15 պատանդի. The New York Times

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը քննարկում է մինչև 15 պատանդների հնարավոր ազատ արձակումը հումանիտար հրադադարի դիմաց, որը թույլ կտա Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումներ կազմակերպել։ Այդ մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրների։

Ըստ պարբերականի տեղեկատվության` արմատական ​​շարժման  հետ քննարկվող գործարքի պայմանների համաձայն՝ Իսրայելը երեք օրով կդադարեցնի հարձակումները, ինչը հնարավորություն կապահովի «պատանդներին դուրս տանելու և անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու համար»։ Հրատարակությունը պարզաբանում է, որ համաձայնությունը նաև վերաբերում է մի քանի ամերիկացիների, որոնց պահում է ՀԱՄԱՍ-ը։ Ընդ որում, ստույգ չի հաղորդվում, թե քանի պատանդի ազատ արձակման մասին է խոսքը։

Բանակցությունները, որոնց մասնակցում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը, ընթանում են Կատարի միջնորդությամբ։

Ինչպես նշում է The New York Times-ը, ամերիկացի պաշտոնյաները, այդ թվում՝ օրերս Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակտիվորեն պնդում են, որ համաձայնություն ձեռք բերվի մարտական գործողությունների դադարի դիմաց ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներին ազատ արձակելու շուրջ:

Նոյեմբերի 7-ին Axios հարթակը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին առաջարկել է երեք օրով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող պատանդների մի մասին ազատելու նպատակով։

Իսրայելցի մի բարձրաստիճան պաշտոնյա ամերիկյան Politico թերթին ասել է, որ Իսրայելի իշխանությունները պատրաստ են հայտարարելու մարտական գործողությունների դադարներ, եթե ՀԱՄԱՍ-ը ազատ արձակի պատանդների զգալի մասին:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում 1400 մարդ սպանվել է, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 10 500-ը․ նրանց 40 %-ը երեխաներ են։

  • Կիսվել: