ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Գազայում պահվող 24 պատանդի, Իսրայելը՝ 39 պաղեստինցի կալանավորի
Գազայի հատվածում իսրայելցի պատանդների առաջին խումբը հանձնվել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Այս տեղեկությունը հաստատել է The Times of Israel-ը՝ նշելով, որ
ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակված 13 իսրայելցի պատանդների խումբը հատել է Եգիպտոսի սահմանը:
Իր հերթին Haaretz-ը հայտնել է, որ Գազայի հատվածում ազատ արձակված 11 թաիլանդացի և ֆիլիպինցի պատանդների խումբն արդեն ժամանել է Իսրայել։
Ի պատասխան՝ Իսրայելի բանտային ծառայությունը հաստատել է, որ 39 պաղեստինցի կին և անչափահաս ազատ են արձակվել բանտերից և ժամանել են Բեյթունիա անցակետ:
Պատանդների և կալանավորների ազատ արձակումը տեղի է ունեցել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված գործարքի շրջանակում:
Առաջին 13 իսրայելցի պատանդների ազատ արձակումից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ պատանդների ազատ արձակումը պատերազմի նպատակներից մեկն է: ՛՛Մենք հանձնառու ենք հասնելու պատերազմի բոլոր նպատակներին՛՛,-ընդգծել է նա: