շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գուտերեշը կարծում է, որ գլոբալ տաքացումը զսպելու համար պետք է լիովին հրաժարվել հանածո վառելիքից

Գուտերեշը կարծում է, որ գլոբալ տաքացումը զսպելու համար պետք է լիովին հրաժարվել հանածո վառելիքից

Միայն վառելիքի հանածո տեսակների օգտագործումից լիովին հրաժարվելը մարդկությանը թույլ կտա հասնել գլոբալ տաքացման զսպման ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանի մակարդակի վրա, որն ամրագրված է Փարիզի կլիմայի համաձայնագրով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ դիմելով Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի մասնակիցներին։

«Գիտությունը միանշանակ ասում է. 1,5 աստիճանի սահմանն իրական է, միայն եթե մենք, ի վերջո, դադարենք այրել ամբողջ հանածո վառելիքը՝ ոչ թե կրճատենք (դրա օգտագործումը), ոչ թե նվազեցնենք, այլ աստիճանաբար հրաժարվենք՝ հաշվի առնելով (խմբ․՝ Փարիզի կլիմայի համաձայնագրի) հստակ ժամանակային շրջանակները», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Գուտերեշը նաև դիմել է «վառելիքային ընկերությունների ղեկավարներին»։

«Սխալ մի՛ գործեք: Կլիմայի կայունության ճանապարհը ձեր ընկերությունների տնտեսական կայունության միակ կենսունակ ուղին է», - զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նրա կարծիքով՝  «արդյունաբերության ներկայացուցիչներին պետք է օգնեն ճիշտ ընտրություն կատարել երկրների կառավարությունները, այդ թվում՝ «կարգավորման միջոցառումների, օրենսդրության» և «հանածո վառելիքի սուբսիդավորման դադարեցման» միջոցով։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ համաշխարհային հանրությունն ունի «տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան խուսափել ամենասարսափելի կլիմայական քաոսից»։ Բայց դրա համար, Գուտերեշի համոզմամբ, անհրաժեշտ են անհապաղ գործողություններ, «առաջնորդություն, համագործակցություն և քաղաքական կամք»:

  • Կիսվել: