շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գերմանիան զգուշացնում է Թուրքիային. մեր երկրում ատելության խոսքը տեղ չունի

Գերմանիան զգուշացնում է Թուրքիային. մեր երկրում ատելության խոսքը տեղ չունի

Բեռլինում Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի արտգործնախարարություն և զգուշացվել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Պատճառը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) մեջլիսի պատգամավոր Մուստաֆա Աչըքգյոզի Գերմանիայի Նոյս քաղաքում ունեցած ելույթն է եղել:

Գերմանիայում գործող թուրք ազգայնականների Նոյսի մասնաճյուղում նա սպառնալիք ու ատելության խոսք է օգտագործել «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ու գյուլենական համայնքի կազմակերպությունների անդամների վերաբերյալ (2 կազմակերպություններն էլ Թուրքիայում համարվում են ահաբեկչական):

Թուրք պատգամավորը հայտարարել է, որ այդ կազմակերպությունների անդամներին աշխարհի բոլոր ծայրերում էլ գտնելու են ու ոչնչացնելու են այնպես, ինչպես Թուրքիայում են ոչնչացրել: Նա շեշտել է նաև, որ ինչպես Թուրքիայում իրենք չեն ճանաչում այդ «ահաբեկիչների» կյանքի իրավունքը, այնպես էլ՝ Գերմանիայում:

Աչըքգյոզը ՔԲԿ-ին անվանել է անկրոն, իսկ գյուլենականներին էլ մեղադրել է մուսուլմանությունը քրիստոնեության փոխակերպելու մեջ: Այս և այլ  սպառնալիքների ու մեղադրանքների պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է դաշնային ԱԳՆ ու զգուշացվել:

Դեսպանեին ԱԳն կանչելու մասին հայտարարություն է արել Գերմանիայի ԱԳՆ-ը: Դրանում մասնավորապես ասված է.

 

«Այսօր մենք հանդիպման ենք հրավիրել Թուրքիայի դեսպանին։ Նոյսում թուրք պատգամավորի արարքների նման արարքներ չպետք է կրկնվեն։ Սադրանքն ու ատելության խոսքը Գերմանիայում տեղ չունեն»:

Նշվել է նաև, որ իրենք հասկացրել են թուրքական կողմին, որ Գերմանիայում թուրքական համայնքի շրջանում իրականացվող նախընտրական քարոզարշավի միջոցառումները պետք է նախապես հաստատվեն իրենց կողմից: Դեսպանը զգուշացվել է նաև, որ եթե թուրքական կողմը չխաղա սահմանված կանոններով, ապա հետևանքներ կառաջանան:

  • Կիսվել: