կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Գերմանիան Ուկրաինային հնարավորինս շուտ կմատակարարի հինգ միավոր Patriot համակարգեր. Պիստորիուս

Գերմանիան Ուկրաինային հնարավորինս շուտ կմատակարարի հինգ միավոր Patriot համակարգեր. Պիստորիուս

Գերմանիան Ուկրաինային հնարավորինս շուտ կմատակարարի հինգ միավոր Patriot համակարգեր: Այս մասին «Ռամշտայն» ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, տեղեկացնում է РБК-Украина-ն:

Նրա խոսքով՝ համակարգերի մատակարարման ծրագիրը կորոշվի առաջիկա օրերին։

«Գերմանիան լրացուցիչ ՀՕՊ համակարգեր և անհրաժեշտ զինամթերք կտրամադրի։ Բացի դրանից, անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած իմ այցի ժամանակ ես համաձայնության եկա Փիթ Հեգսեթի հետ, որ Գերմանիան հնարավորինս շուտ կմիանա հինգ անհապաղ անհրաժեշտ Patriot համակարգերի մատակարարմանը»,-ասել է Պիստորիուսը։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը եվրոպացի դաշնակիցներին կոչ է արել օգնել ֆինանսավորելու ԱՄՆ-ից Patriot համակարգերի գնումը։

Նա նշել է. «Միացյալ Նահանգներին խնդրում եմ այդ զենքը հասանելի դարձնել գնման համար, իսկ մեր եվրոպացի գործընկերներին՝ տրամադրել դրանց ձեռքբերման համար անհրաժեշտ ամբողջ ֆինանսավորումը»։

Նշենք, որ «Ռամշտայն»  ձևաչափով 29-րդ հանդիպումը տեղի է ունենում առցանց։ Միացյալ Նահանգները ներկայացնում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը։ Դա Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի առաջին հանդիպումն է, որին Դենիս Շմիգալը ներկա է որպես պաշտպանության նախարար։

  • Կիսվել: