Գերմանիան հավաստիացրել է, որ կշարունակի աջակցել Ուկրաինային
Ուկրաինան, որն ավելի քան երեք տարի հետ է մղում Ռուսաստանի ռազմական ներխուժումը, կարող է շարունակել ապավինել Գերմանիային։ Այս մասին Կիևում հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը, տեղեկացնում է DW-ն։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չպետք է պատրանքներ ունենա, թե մեր աջակցությունը Ուկրաինայի հանդեպ կարող է թուլանալ։ Բեռլինը մնում է Ուկրաինայի երկրորդ ամենամեծ աջակիցն աշխարհում և ամենամեծը Եվրոպայում՛՛:
Քլինգբեյլի խոսքով՝ խաղաղության շուրջ բանակցությունները ՛՛չեն կարող ընթանալ ուկրաինացի ժողովրդի հաշվին՛՛:
՛՛Հետևաբար, անհրաժեշտ է հրադադար։ Ուկրաինայում կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ են նաև անվտանգության հուսալի երաշխիքներ։ Այս հարցում մենք միջազգային մակարդակով սերտորեն համակարգում ենք մեր գործողությունները։ Գերմանիան կկատարի իր պարտավորությունները՛՛,-ասել է նա և հավելել. ՛՛Մենք արդեն քննարկում ենք վերականգնման հեռանկարները և Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության հեռանկարները՛՛:


