կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Գազայի հատվածում մեկ օրում 29 զոհ կա

Գազայի հատվածում մեկ օրում 29 զոհ կա

Այսօր լուսաբացից մինչ այս պահը Գազայի հատվածում սպանվել է 29 պաղեստինցի, որոնցից 23-ը՝ Գազա քաղաքում, հայտնել է անկլավի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ Իսրայելը թիրախավորել է Գազա քաղաքում գտնվող կաթոլիկ Սուրբ Ընտանիք եկեղեցին, որի հետևանքով զոհվել է երկու պաղեստինցի, մի քանիսը վիրավորվել են։

ՀԱՄԱՍ-ը դատապարտել է կաթոլիկ եկեղեցու վրա իսրայելական հարձակումը՝ նշելով, որ «Գազայում մզկիթների, եկեղեցիների, հիվանդանոցների և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումը ռազմական հանցագործություններ են, որոնք պահանջում են միջազգային հանրության դիրքորոշում»։

Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ չի թիրախավորում կրոնական վայրերը։

Իր հերթին իսրայելական կողմը հայտնել է, որ հուլիսի 17-ի առավոտյան Գազայի հատվածում տեղի ունեցած մարտերի ժամանակ վիրավորվել է հինգ զինվոր, որոնցից երկուսը ծանր վիճակում են։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի զինված ուժերը որսացել են հյուսիսային Գազայից Իսրայելի տարածք ներխուժած երկու արկ։

Նշենք, որ Դոհայում Գազայի հարցով բանակցությունները շարունակվում են։ ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ չի ընդունի որևէ աշխարհագրական տարածքի անջատում Գազայի հատվածից և չի ընդունի օկուպացիայի ներկայությունը այնտեղ։

Հիշեցնենք, որ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

  • Կիսվել: