ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆրանսիայում շարունակվում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը. չվերթների մոտ 20%-ը չեղարկվել է

Ֆրանսիայում շարունակվում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը. չվերթների մոտ 20%-ը չեղարկվել է

Ֆրանսիայում ցուցարարները շաբաթ օրը դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումների ծրագրերի դեմ, հայտնում է AFP-ն։

Արհմիությունները հույս ունեն, որ դեռեւս կարող են ստիպել Մակրոնին նահանջել, քանի որ խորհրդարանը քննարկում է օրինագիծը, իսկ Ազգային ժողովը եւ Սենատը շարժվում են դեպի վերջնական քվեարկություն այս ամսվա վերջին:

Այս շաբաթ Ֆրանսիայի նախագահը երկու անգամ մերժել է իր հետ հանդիպելու արհմիությունների վճռական կոչերը, որոնք ուզում են վերջին ջանքերով ստիպեն նրան փոխել իր միտքը:

Ոստիկանությունը հայտարարել է, որ Ֆրանսիայում նախատեսված 230 ցույցերի ժամանակ սպասում է 800 000-ից մինչեւ մեկ միլիոն մարդու, որոնցից մինչեւ 100 000-ը, հավանաբար, կգա Փարիզ:

Սակայն կեսօրին մոտ հաշվարկները ցույց են տվել, որ մասնակիցները կարող են 963 000-ից քիչ լինել։ Հենց այդքան մարդ է շաբաթ օրն, ըստ ոստիկանության, բողոքի ցույց անցկացրել:

Երեքշաբթի օրը տեղի ունեցած վերջին խոշոր գործադուլի եւ ցույցերի ժամանակ, ըստ ոստիկանության տվյալների, մասնակցությունը կազմել է 1,3 միլիոնից քիչ պակաս, իսկ արհմիությունների տվյալներով՝ ավելի քան երեք միլիոն:

Արհմիությունների կողմից անժամկետ գործադուլների կոչերը ազդել են ֆրանսիական տնտեսության մի քանի ոլորտների, այդ թվում՝ երկաթուղային եւ օդային տրանսպորտի, էլեկտրակայանների, գազային տերմինալների եւ աղբահանության վրա:

Սակայն քաղաքի որոշ թաղամասերում չհավաքված աղբը սկսել է կուտակվել, իսկ ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել Ֆրանսիայի օդանավակայաններում նախատեսված թռիչքների մոտ 20%-ը:

Ֆրանսիայի Սենատը շաբաթ առավոտյան վերսկսել է բարեփոխումների քննարկումը, որի հիմնական միջոցը նվազագույն կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելն է։

Շաբաթ օրը Փարիզում գործադուլները գրեթե չեն ազդել քաղաքային տրանսպորտի վրա, բացառությամբ որոշ մերձքաղաքային գնացքների:

Սենատորները մինչեւ կիրակի երեկոյան պետք է ավարտեն քննարկումը, որից հետո հանձնաժողովը պետք է մշակի օրինագծի վերջնական տարբերակը, որը վերջնական քվեարկության կներկայացվի խորհրդարանի երկու պալատներում։

Եթե կառավարությունը չկարողանա ձայների մեծամասնություն հավաքել, վարչապետ Էլիզաբեթ Բորնը կարող է կիրառել հազվադեպ օգտագործվող սահմանադրական գործիքը, որը հայտնի է որպես հոդված 49/3՝ առանց քվեարկության օրենքն ընդունելու համար:

Շաբաթ օրը BFMTV հեռուստաընկերության կողմից հրապարակված հանրային կարծիքի հարցումը ցույց է տվել, որ ֆրանսիացիների 63%-ը հավանություն է տվել բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներին, իսկ 54%-ը նաեւ աջակցել է որոշ ոլորտներում գործադուլներին եւ արգելափակումներին:

Սակայն հարցվածների մոտ 78%-ն ասել է, որ վստահ է՝ Մակրոնն ի վերջո կհասնի բարեփոխումների հաստատմանը:

 

  • Կիսվել: