Ֆրանսիայի նոր կառավարությունը մտադիր է խստացնել միգրացիոն քաղաքականությունը
Ֆրանսիայի նոր կառավարությունը մտադիր է կոշտ մոտեցում ցուցաբերել միգրացիոն խնդիրներին, քանի որ առանցքային պաշտոնյաները խոստացել են զգալիորեն կրճատել անօրինական կերպով երկիր մուտք գործող և այնտեղ գտնվող մարդկանց թիվը, հայտնում է Associated Press-ը։
Հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ նշանակեց պահպանողական «Հանրապետականներ» կուսակցության վետերան Միշել Բարնյեին՝ հուսալով, որ կառավարության նոր ղեկավարը կաշխատի պառակտված օրենսդիր մարմնի հետ, որպեսզի վերջ դնի քաղաքական ցնցումներին:
Բարնյեի կառավարությունը, որտեղ գերակշռում են պահպանողականներն ու կենտրոնամետները, չունի մեծամասնություն խորհրդարանում, և ցանկացած նոր օրենք ընդունելու փորձերն անխուսափելիորեն կբախվեն հակազդեցության և, հնարավոր է, արգելափակվեն: Ազգային ասամբլեան ներկայումս բաժանված է երեք հիմնական քաղաքական դաշինքների՝ ձախ արմատական «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիայի, Մակրոնի կենտրոնամետ դաշնակիցների, որոնք համաձայնության են եկել պահպանողականների հետ և աջ արմատական «Ազգային միաբանություն» կուսակցության միջև, որը ամենախոշոր կուսակցությունն է նոր ասամբլեայում:
Նոր վարչապետն իր առաջնահերթությունները կներկայացնի երեքշաբթի Ազգային ժողովում նախատեսված ընդհանուր քաղաքական ելույթում։ Վերջին հեռուստատեսային հարցազրույցներում Բարնյեն քննադատել է Ֆրանսիայի սահմանները՝ դրանք «մաղ» անվանելով և մտահոգություն հայտնել, որ «միգրացիոն հոսքերը չեն վերահսկվում»։
Նա խոստացել է «սահմանափակել ներգաղթը»՝ վկայակոչելով հարևան երկրների կողմից ձեռնարկված միջոցները, ինչպես Գերմանիան, որն այս ամսվա սկզբին խստացրեց վերահսկողությունը բոլոր ցամաքային սահմաններում:
Քննադատները դատապարտել են Բարնյեի կառավարության դիրքորոշումը ներգաղթի վերաբերյալ՝ ասելով, որ դրա վրա մեծապես ազդել են Ազգային միաբանության առաջարկները, քանի որ կառավարության գոյությունը կախված է կուսակցության բարի կամքից:
Սակայն ծայրահեղ աջ և ձախ օրենսդիրները կարող են ստիպել ողջ կառավարությանը հրաժարական տալ, եթե կարողանան համաձայնության գալ անվստահության քվե հայտնելու հարցում: