շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եվրոպայից վտարվել են տասնյակ ռուս դիվանագետներ

Եվրոպայից վտարվել են տասնյակ ռուս դիվանագետներ

Այս շաբաթն սկսվել է Ռուսաստանի դեմ դիվանագիտական հարվածներով: Որոշ եվրոպական երկրներ, ինչպես նաև Եվրամիությունը հայտարարել են ռուս դիվանագետների արտաքսման մասին։

Արտաքսված տասնյակ ռուս դիվանագետներից մի քանիսը լրտեսության մեղադրանքով հայտարարվել են անցանկալի անձ։

Ապրիլի 5-ին Իսպանիան որոշել է արտաքսել 25 դիվանագետի, Շվեդիան՝ երեք, Իտալիան՝ 30։ Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն ասել է, որ որոշումը կայացվել է «ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»՝ գրում է Reuters-ը:

Սլովենիան որոշել է կրճատել ռուս դիվանագետների թիվը երկրում՝ հայտարարելով, որ Լյուբլյանայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների թիվը կհամապատասխանեցնի Մոսկվայում Սլովենիայի դեսպանատան դիվանագետների թվին:

Էստոնիայի ԱԳՆ-ն նույնպես որոշել է արտաքսել 14 ռուս դիվանագետի, Դանիան՝ 15-ի, Պորտուգալիան և Ռումինիան՝ 10-ական դիվանագետի։

Ապրիլի 5-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպան Ալեքսեյ Մեշկովին է փոխանցել ՌԴ դեսպանատան աշխատակիցների ցուցակը, որոնց հայտարարել են պերսոնա նոն գրատա։

Փարիզն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ «վտարված աշխատակիցները զբաղվել են Ֆրանսիայի անվտանգության շահերին հակասող գործունեությամբ»։

Ապրիլի 4-ին էլ Բեռլինն է անցանկալի անձ հայտարարել Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան և հյուպատոսության 40 աշխատակցի՝ ընդգծելով, որ դրանով արձագանքում է Բուչայում ռուս զինվորականների կողմից ենթադրյալ խաղաղ բնակչության ջարդերի մասին տեղեկատվությանը։

Ռուս դիվանագետների արտաքսման մասին են հայտարարել նաև Նիդերլանդները, Բելգիան, Իռլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեխիան։

ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունից մի քանի դիվանագետի վտարելու որոշում է կայացրել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Ռուսաստանը խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել արևմտյան երկրների «այս ոչ բարեկամական գործողություններին»:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դիվանագետների արտաքսումը նվազեցնում է հաղորդակցության հնարավորությունները այս աննախադեպ պայմաններում։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն էլ հայտարարել է, որ Մոսկվան դեմ է եվրոպացիների հետ հարաբերությունների խզմանը։ Ըստ դիվանագետի՝ «Հարված է հասցվում երկկողմ հարաբերություններին, դիվանագիտական ​​հաղորդակցության ուղիներին... Սա արվում է միտումնավոր, հետևանքները դեռ երկար ժամանակ կզգացվեն»։

  • Կիսվել: