ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարություն են տարածել Թրամփի և Պուտինի բանակցությունների վերաբերյալ
ԵՄ և Մեծ Բրիտանիայի առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների միջև Ալյասկայում կայացած բանակցություններից հետո։
«Մենք պատրաստ ենք նաև աշխատել նախագահ Թրամփի և նախագահ Զելենսկու հետ՝ Եվրոպայի աջակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու ուղղությամբ։ Մենք հասկանում ենք, որ Ուկրաինան պետք է ունենա անվտանգության հուսալի երաշխիքներ՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն արդյունավետորեն պաշտպանելու համար։
Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել։ Կամավորների կոալիցիան պատրաստ է ակտիվ դեր խաղալ։ Ուկրաինայի զինված ուժերի կամ երրորդ երկրների հետ նրա համագործակցության վրա որևէ սահմանափակում չպետք է մտցվի։ Ռուսաստանը չի կարող վետո դնել Ուկրաինայի՝ ԵՄ և ՆԱՏՕ անդամակցության վրա։ Ուկրաինան ինքը պետք է որոշումներ կայացնի իր տարածքում։ Միջազգային սահմանները չպետք է փոխվեն ուժի կիրառմամբ։ Ուկրաինային տրամադրվող մեր աջակցությունը կշարունակվի։ Մենք լի ենք վճռականությամբ և ցանկանում ենք ավելին անել Ուկրաինայի ուժը պահպանելու համար, որպեսզի հասնենք ռազմական գործողությունների դադարեցմանը և արդար ու կայուն խաղաղության հաստատմանը։
Քանի դեռ Ուկրաինայում շարունակվում են սպանությունները՝ մենք պատրաստ ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Մենք կշարունակենք ուժեղացնել պատժամիջոցները և ավելի լայն տնտեսական միջոցներ ձեռնարկել՝ ռուսական ռազմական տնտեսության վրա ճնշում գործադրելու համար, մինչև արդար և կայուն խաղաղություն հաստատվի։ Ուկրաինան կարող է ապավինել մեր անսասան համերաշխությանը, քանի որ մենք ձգտում ենք այնպիսի խաղաղության, որը կերաշխավորի Ուկրաինայի և Եվրոպայի կենսական անվտանգության շահերը»,- ասված է ԵՄ-ի և Բրիտանիայի համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:


