երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Եվրոպացի որոշ առաջնորդներ արգելափակում են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. Զելենսկի

Եվրոպացի որոշ առաջնորդներ արգելափակում են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. Զելենսկի

Եվրոպացի որոշ առաջնորդներ արգելափակում են Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները։ Այս մասին Չեխիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է РБК-Украина-ն։

Նրա խոսքով՝ նրանք առաջնորդվում են ոչ թե սեփական երկրի շահերով, այլ ցանկանում են հաճոյանալ Ռուսաստանին:

Ըստ Զելենսկիի՝ Ուկրաինան պատրաստ է արդեն այս տարի բացել ԵՄ անդամակցության շուրջ բանակցային գործընթացում առաջին կլաստերները։

Այս առնչությամբ նա, մասնավորապես, նշել է. «Մեզ համար վիրավորական է, որ Եվրոպայում առանձին գործիչներ արգելափակում են այս գործընթացը։ Ոչ թե հանուն սեփական երկրների շահերի, այլ որպեսզի Կարմիր հրապարակում ավելի լավ տեղ ստանան տրիբունայում։ Եվ բոլորիս համար Եվրոպայում կարևոր է, որ եվրոպական արժեքներն իսկապես գերիշխեն։ Արժեքները, այլ ոչ թե առանձին քաղաքական գործիչների քմահաճույքները»։

Վերջերս ուկրաինացի նախագահը հայտարարել էր, որ Հունգարիան արգելափակում է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները։ Մասնավորապես, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նույնիսկ բնակչության հարցում էր կազմակերպել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու ուղուն աջակցելու վերաբերյալ, իսկ հետո պարծեցել էր, որ հունգարացիները, իբր, դեմ են հանդես եկել։

Զելենսկին հունգարացի առաջնորդներին կոչ է արել չօգտագործել Ուկրաինայի հարցը ներքաղաքական գործընթացներում, ինչպես նաև հավելել է, որ իրականում հունգարացիների 70 տոկոսն աջակցում է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանը։

Ի պատասխան դրան՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը Զելենսկիին խորհուրդ է տվել «հետևել տոնայնությանը», իսկ Օրբանը հայտարարել է, որ ո՛չ Կիևը, ո՛չ էլ Բրյուսելը չպետք է որոշեն, թե ինչ դիրքորոշում պետք է ունենա Բուդապեշտը։

  • Կիսվել: