Եթե ժողովուրդը մեզ ուղարկի երկրորդ փուլ, մենք կհարգենք այս որոշումը․ Էրդողան
Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկացրել է, որ պատրաստ է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին․ «Մենք դեռ չգիտենք՝ ընտրությունները կավարտվե՞ն առաջին փուլով, բայց եթե ժողովուրդը մեզ ուղարկի երկրորդ փուլ, մենք կհարգենք այս որոշումը», - AFP-ին ասել է Էրդողանը։
Նա նշել է նաև ընտրություններին մասնակցության ռեկորդային ցուցանիշը և շնորհակալություն է հայտնել 27 միլիոն քաղաքացիներին՝ իր օգտին քվեարկելու, իսկ 56 միլիոն քաղաքացիներին՝ քվեարկությանը մասնակցելու համար:
Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ Քըլըչդարօղլուն, նույնպես հայտարարել է, որ համաձայն է երկրորդ փուլ անցկացնելու որոշմանը։ Միաժամանակ, երկու քաղաքական գործիչներն էլ վստահություն են հայտնել իրենց վերջնական հաղթանակի հարցում։
Հիշեցնենք, որ Թուրքիայում բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո հայտնի են դարձել նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները. ձայների թվով առաջատարն Էրդողանն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 49,24%-ը։
Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 45,06%-ը։ Նախագահի մյուս թեկնածուի՝ «Աթա» դաշինքից 55-ամյա Սինան Օգանի օգտին քվեարկել է ընտրողների 5,28%-ը։
«Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 0,42%-ը։ Վերջինս հանել էր իր թեկնածությունն ընտրություններից երեք օր առաջ, սակայն Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել նրա օգտին տրված ձայները։
Մայիսի 14-ին կայացած ընտրությունների արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ը, ինչը նշանակում է, որ հաղթողը կորոշվի երկրորդ փուլում։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա երկու շաբաթից՝ մայիսի 28-ին։