չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եթե ԱՄՆ-ն ևս մեկ հանցանք գործի, ավելի ուժեղ պատասխան կստանա. Ռոհանի

Եթե ԱՄՆ-ն ևս մեկ հանցանք գործի, ավելի ուժեղ պատասխան կստանա. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստի ժամանակ ասել է, որ Իրանը պատրաստ կլինի վրեժ լուծել ԱՄՆ-ից, եթե վերջինս «ևս մեկ հանցանք գործի», տեղեկացնում է CNN-y:

Ռոհանին ասել է. «Եթե Ամերիկան հանցագործություն կատարի, անկախ այն հանգամանքից, թե որքան են նրանք մեզ սպառնում, պետք է իմանա, որ մենք վճռականորեն կգործենք, ինչպես արդեն ցույց ենք տվել: Այսուհետ, եթե Ամերիկան ցանկանա ևս մեկ հանցագործություն կատարել, թող իմանա, որ ավելի ուժեղ պատասխան կստանա»:

Նա նաև նշել է որ ԱՄՆ-ն պետք է վերջ տա աշխարհի խնդիրների համար Իրանին մեղադրելու պրակտիկային. «Եթե ԱՄՆ-ն պարզի, որ աշխարհում ինչ-որ տեղ խնդիր ունի, մի՛ ասեք, որ դա Իրանի ձեռքի գործն է: Եթե վաղը մեկ այլ երկրում ինչ-որ բան տեղի ունենա, ամերիկացիները կասեն, որ դա Իրանի վարձու ուժերի գործն է: Մենք վարձու ուժեր չունենք: Ամերիկացիները հենց սկզբից սխալվել են այդ հարցում»:

Իրանի նախագահն անդրադարձել է տարածաշրջանում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դերակատարությանը և ասել. «Ամերիկացիները պետք է իմանան, որ Սոլեյմանին մեծ դեր է կատարել Եվրոպայի, արևմուտքի և անգամ Ամերիկայի համար: Եթե այդ հերոսը չլիներ, որը պայքարում էր ահաբեկչության դեմ, անգամ Եվրոպան անվտանգ չէր լինի»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, թե քանի դեռ ինքն ԱՄՆ նախագահն է, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Նա նաև հայտարարել էր, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն. «Միացյալ Նահանգներն անմիջապես հավելյալ տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ»:

  • Կիսվել: