շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երուսաղեմի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը

Երուսաղեմի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ-Քասամ բրիգադներ» խմբավորումը, ստանձնել է Երուսաղեմում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնի է դարձել խմբավորման տելեգրամյան ալիքից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես՝ տելեգրամյան ալիքում հրապարակված գրառման մեջ ասված է. ՛՛Իզեդդին ալ-Քասամ բրիգադները ստանձնել են ամբողջ պատասխանատվությունն այն հերոսական գործողության համար, որն իրականացվել է այսօր առավոտյան օկուպացված Երուսաղեմ քաղաքի հյուսիս-արևմտյան մուտքի մոտ՛՛:

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևից նաև հայտնել են, որ հարձակումն իրականացվել է Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին երեխաների և կանանց սպանություններին, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթի պղծմանն ի պատասխան:

Նշենք, որ ըստ իսրայելական Kan ռադիոկայանի՝ Արևելյան Երուսաղեմից երկու պաղեստինցի Թել Ավիվի կողմից քաղաքի մուտքի մոտ ահաբեկչություն են իրականացրել հրազենի գործադրմամբ։ Արմատականներն ավտոմեքենայով մոտեցել են ավտոբուսի կանգառին, դուրս եկել մեքենայից ու ատրճանակից և М16 հրացանից կրակ բացել այնտեղ կանգնած մարդկանց ուղղությամբ։ Իսրայելցի զինվորականները պատասխան կրակով վերացրել են ահաբեկիչներին։

Այսօր հայտնի էր դարձել, որ առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել Երուսաղեմում։ Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է առնվազն երեք զոհի և վեց տուժածի մասին, մինչդեռ Իզեդդին ալ-Քասամ բրիգադները պնդում են, որ վիրավորում է ստացել 12 իսրայելցի։

 

  • Կիսվել: