շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երկրաշարժից անմասն չի մնացել Թուրքիայի միակ հայկական գյուղը՝ Վաքըֆլըն

Երկրաշարժից անմասն չի մնացել Թուրքիայի միակ հայկական գյուղը՝ Վաքըֆլըն

Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով տուժել է նաև այդ երկրի միակ հայկական գյուղ Վաքըֆլըն: Լուրջ նյութական վնասների պատճառով բնակչությունը տեղահանվել է: Վաքըֆլըի գյուղապետ Պերչ Քարթունը, նշելով մարդկային կորուստներ չունենալու մասին, տեղեկացրել է, որ գյուղը լուրջ նյութական վնասներ է կրել: Գյուղում 40 բնակելի տներից 30-ը լրջորեն վնասվել են: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Տարեցներին և երեխաներին ուղարկել ենք Ստամբուլ, իսկ գյուղում մնացած մարդիկ ապաստանում են վրաններում»,-ասել է նա:

Քարթունը, անդրադառնալով գյուղին հասցված այլ վնասներին, նշել է. «Չնայած այն բանին, որ գարուն է եկել, աշխատանքները գյուղում դադարեցված են»: Գյուղապետի խոսքով իրենք դարձել են անգործունակ. «Այգի գնում ենք, լաց ենք լինում, տուն ենք գալիս, էլի լաց ենք լինում»:

Քարթունը հույս է հայտնել, որ ավերված Հաթայ նահանգը հնարավորինս շուտ կվերականգնվի և իրենք էլ հարազատների հետ հնարավորինս շուտ կվերամիավորվեն իրենց պատմական հողերում:

Հիշեցնենք որ, փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերի հաղորդմամբ՝ վերջին տվյալների համաձայն զոհերի թիվը կազմում է 48.448 մարդ:

  • Կիսվել: