Էրդողանն ընդունել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանին
Օգոստոսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքին, գրում է ermenihaber.am-ը:
Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ձևաչափով։ Օրակարգի մասին տեղեկություններ դեռևս հայտնի չեն։
Հավելենք, որ 2023 թվականի ապրիլին Էրդողանը հայտարարել էր, որ հրաժարվել է Անկարայում ԱՄՆ դեսպանի հետ հետագա շփումներից՝ ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ ամերիկյան դեսպանի հանդիպումից հետո։
Էրդողանը հայտարարել էր, որ իր նստավայրի դռները «փակ են» դեսպանի համար, ով «այլևս չի կարողանա ներս մտնել»։
Այնուհետև, սակայն, Ֆլեյքը մասնակցել է Էրդողանի երդմնակալությանը և ընդունելությանը Թուրքիայի ղեկավարի նստավայրում՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի Թուրքիա կատարած այցի ժամանակ։