երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Էրդողանն ու Քըլըչդարօղլուն՝ նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներ

Էրդողանն ու Քըլըչդարօղլուն՝ նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներ

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում Թուրքիայի նախագահի սեփական թեկնածու չի առաջադրի։ Այս մասին լրագրողներին հայտնել է կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը, հաղորդում է ТАСС-ը։

Ավելի վաղ կուսակցության ղեկավարությունը հասկացրել էր, որ ընտրություններում հնարավոր է աջակցեն ընդդիմադիր թեկնածուին՝ Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։

Ըստ վերլուծաբանների՝ ընդդիմության առաջնորդն ու Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կլինեն հիմնական հավակնորդները նախագահի պաշտոնի համար պայքարում։

Նախորդ նախագահական ընտրությունները կայացել են 2018 թվականի հունիսի 24-ին։ Էրդողանը հաղթել էր՝ ստանալով ձայների 52,6%-ը։

Միաժամանակ Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ստացել 11 թեկնածուից։ Քաղաքական գործիչներն ավելի վաղ էին դիմել ընտրություններին մասնակցելու համար։ Հանձնաժողովը քննել է նախապես ստացված հայտերը և որոշել, որ այդ անձինք օրինական հիմքեր ունեն մասնակցելու մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին։

Մինչև մարտի 27-ը թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է ԿԸՀ ներկայացնի 100 հազար ընտրողների ստորագրությամբ արձանագրություն՝ վերջնական առաջադրման համար։ Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ևս պաշտոնապես դիմել էր ԿԸՀ՝ առաջիկա ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար։ Թուրքիայում մայիսի 14-ին խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ տեղի կունենան նախագահական ընտրությունները։

  • Կիսվել: