չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Երբեք չենք հաշտվի Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիայի հետ. Հունաստանի ԱԳՆ

Երբեք չենք հաշտվի Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիայի հետ. Հունաստանի ԱԳՆ

Հունաստանը երբեք չի հաշտվի Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիայի հետ և կշարունակի ջանքեր գործադրել փոխադարձ ընդունելի կարգավորում գտնելու ուղղությամբ: Այս մասին ասված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել է չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» անօրինական և միակողմանի հռչակման 40-րդ տարվա առթիվ:

Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այս տխուր տարելիցին Հունաստանն ընդգծում է բոլոր պետությունների կողմից, միջազգային իրավունքին համապատասխան, ՄԱԿ ԱԽ բանաձևերի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը։ Բանաձևերը կոչ են անում բոլոր երկրներին չճանաչել կամ որևէ կերպ չաջակցել Կիպրոսի օկուպացված հատվածում գտնվող անօրինական միավորմանը։ Հունաստանը երբեք չի ճանաչի Թուրքիայի ներխուժման և Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի փաստերը»:

Բացի այդ՝ նշվում է նաև, որ Հունաստանի ԱԳՆ-ն իր գործողությունները լիարժեք համակարգելով Կիպրոսի Հանրապետության հետ՝ կշարունակի ջանքեր ներդնել այնպիսի պայմանների ստեղծման ուղղությամբ, որոնք կհանգեցնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակում արդար, կայուն, գործառնական և փոխընդունելի լուծում գտնելուն։

 

  • Կիսվել: