ԵՄ-ն դադարեցրել է օգնությունն Ուկրաինային՝ Զելենսկիի կողմից հակակոռուպցիոն մարմինների անկախությունը վերացնող օրենքն ընդունելուց հետո․ աղբյուր
Եվրամիությունը հուլիսի 25-ին հայտարարել է, որ կկասեցնի Ուկրաինային տրամադրվելիք 1.5 միլիարդ եվրոյի օգնությունը՝ նախատեսված ընդհանուր 4.5 միլիարդ եվրոյից, տեղեկացնում է The New York Times-ը:
Ինչպես հաղորդվում է՝ համապատասխան որոշումը կայացվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից ստորագրված օրենքի հիման վրա, որով Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (НАБУ) և Հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը (САП) փաստացի ենթարկվում են գլխավոր դատախազի գրասենյակին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ուկրաինային աջակցելու այս հիմնադրամը ստեղծվել է Եվրամիության կողմից 2024 թվականին։ Երեք տարվա ընթացքում նախատեսվում է այդ հիմնադրամից հատկացնել 50 միլիարդ եվրո՝ պատերազմից պատճառված վնասները վերացնելու և երկիրը ԵՄ-ին անդամակցելու համար պատրաստելու նպատակով։ Այս գումարները չեն կարող օգտագործվել ռազմական գնումների համար և պայմանավորված են Կիևի՝ կառավարման ստանդարտներին հասնելու առաջընթացով։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Գիյոմ Մերսիեն լրագրողներին հայտնել է, որ Ուկրաինան հունիսին դիմել է այդ միջոցները ստանալու համար՝ չնայած նրան, որ 16 չափանիշներից 3-ը չեն կատարվել՝ ներառյալ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի դատավորների նշանակման ձախողումը։
Հիշեցնենք՝ հուլիսի 22-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունեց, իսկ Զելենսկին անմիջապես ստորագրեց օրենք, որը փաստացի հակակոռուպցիոն մարմինները հանձնում է գլխավոր դատախազի վերահսկողության ներքո՝ զրկելով նրանց անկախությունից։ Դրանից հետո բողոքի ակցիաներ սկսվեցին Կիևում, Օդեսայում, Լվովում, Դնեպրում, Խարկովում և այլ քաղաքներում։ Զելենսկին հայտարարել է, որ լսել է բողոքող քաղաքացիների կարծիքը՝ և հուլիսի 24-ին ներկայացրել է նոր օրինագիծ, որը պետք է վերականգնի հակակոռուպցիոն մարմինների անկախությունը։


