Եգիպտոսը հայտարարել է, որ համագործակցում է Քաթարի և ԱՄՆ-ի հետ՝ Գազայի հատվածում 60-օրյա զինադադարի շուրջ
Եգիպտոսը հայտարարել է, որ համագործակցում է Գազայի միջնորդներ Քաթարի և ԱՄՆ-ի հետ՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու նորացված ջանքերի շրջանակում 60-օրյա զինադադար կնքելու համար: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսպրես-ը։
Նշվում է, որ արտգործնախարար Բադր Աբդելատին այդ մեկնաբանություններն արել է Կահիրեում անցկացված մամուլի ասուլիսում, երբ պաղեստինյան երկու աղբյուրներ Ֆրանսպրես գործակալությանը հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պատվիրակությունը բանակցությունների համար չորեքշաբթի պետք է հանդիպի եգիպտացի պաշտոնյաների հետ։
Աբդելատին նշել է, որ «իրենք այժմ ջանասիրաբար աշխատում են՝ Քաթարի և ամերիկացիների հետ լիարժեք համագործակցությամբ»՝ 60-օրյա զինադադարի, որոշ պատանդների և որոշ պաղեստինցի կալանավորների ազատ արձակման, ինչպես նաև առանց սահմանափակումների և նախապայմանների՝ Գազային մարդասիրական և բժշկական օգնության մատակարարման շուրջ»։
Պաղեստինյան աղբյուրը ավելի վաղ Ֆրանսպրես գործակալությանը հայտնել էր, որ միջնորդներն աշխատում են «համապարփակ հրադադարի նոր առաջարկ մշակելու» ուղղությամբ, որը կներառի Գազայում մնացած բոլոր պատանդների «միանգամից» ազատ արձակումը։


