երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Եթե Ուկրաինան և Իսրայելը դիմեն մեկ ուրիշի օգնությանը, ապա նրանք «շան պես» կլքեն Միացյալ Նահանգները․ Թրամփ

Եթե Ուկրաինան և Իսրայելը դիմեն մեկ ուրիշի օգնությանը, ապա նրանք «շան պես» կլքեն Միացյալ Նահանգները․ Թրամփ

Դոնալդ Թրամփը, որպես ԱՄՆ նախագահ, սպառնացել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որ կխրախուսի Ռուսաստանին «անել այն, ինչ ցանկանում է» այն երկրների հետ, որոնք չեն կատարում դաշինքի հանդեպ ֆինանսական պարտավորությունները: Այս մասին նա խոսել է նախընտրական միջոցառման ժամանակ։

Սպիտակ տունն արդեն հասցրել է մեկնաբանել Թրամփի հայտարարությունները՝ դրանք անվանելով «ցնցող»։

«ՆԱՏՕ-ն սնանկ էր, քանի դեռ ես չէի եկել: Ես ասացի՝ «Բոլորը կվճարեն»: Ասեցին՝ լավ, եթե չվճարենք, էլի մեզ կպաշտպանե՞ք, ասացի՝ հաստատ ոչ։ Նրանք չէին կարողանում հավատալ դրան», - ասել է Թրամփը Հարավային Կարոլինա նահանգի Քոնվեյ քաղաքում կայացած հանրահավաքում:

Թրամփի խոսքերը մեջբերել է CNN-ը:

Նախկին նախագահը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն հիմնված է կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի վրա, ըստ որի՝ հարձակումը ՆԱՏՕ-ի մեկ անդամի վրա համարվում է հարձակում դաշինքի բոլոր անդամների վրա։ Որպես նախագահ՝ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից։ Նա պնդել է, որ Ամերիկան ստիպված է եղել վճարել դաշինքի բյուջեի չափազանց մեծ մասը։

Ինչպես նշում է CNN-ը, Թրամփը տարիներ շարունակ սխալ է բնութագրել ՆԱՏՕ-ի ֆինանսավորման համակարգը։ Դաշինքի անդամները պետք է նպատակ ունենան ռազմական ծախսերի վրա ծախսել ՀՆԱ-ի նվազագույնը 2%-ը, և երկրների մեծ մասը չի հասնում այդ նպատակին: Այնուամենայնիվ, 2 տոկոսը համարվում է միայն ուղեցույց, և չկան «օրինագծեր», որոնց ֆինանսավորման մեջ դաշինքի անդամներից որևէ մեկը չի մասնակցում: Անդամ երկրները ոչ մի խնդիր չեն հայտնել ՆԱՏՕ-ի ընդհանուր բյուջե կատարվող ներդրումների հետ կապված, որից ֆինանսավորվում են դաշինքի շտաբները և ռազմական հրամանատարական կառույցները։

Երեկ, ուշ ժամի, Սպիտակ տունը Թրամփի խոսքերն անվանել է «ցնցող և խելահեղ» և հիշեցրել նախագահ Ջո Բայդենի՝ դաշինքն ամրապնդելու ջանքերը։

Թրամփը չի հստակեցրել, թե արդյոք մտադի՞ր է իրականացնել իր սպառնալիքը՝ նախագահի պաշտոնում հավանական վերընտրվելու դեպքում։

Նրա խոսքերը, ամենայն հավանականությամբ, անհանգստություն կառաջացնեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների մոտ, որոնք արդեն զգուշանում են Թրամփի նախագահական վերադարձից, գրում է New York Times-ը։

Ռուսական ագրեսիան «խրախուսելու» մասին Թրամփի խոսքերը հնչել են այն ժամանակ, երբ հանրապետականները դեմ են Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային օգնության ավելացմանը, իսկ եվրոպացի պաշտոնյաները խոսում են Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի արևելյան թևին սպառնացող վտանգի մասին, պարզաբանում է հրատարակությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի Թաքեր Կարլսոնին տված վերջին հարցազրույցում այս հայտարարություններն անվանել է «սարսափելի պատմություններ հասարակ մարդկանց համար»՝ հավելելով, որ Ռուսաստանը «շահեր չունի Լեհաստանում, Լատվիայում և ոչ մի տեղ»:

Նախկին նախագահի խոսքով՝ «մեծ երկրի նախագահներից մեկը» մի անգամ իրեն հարցրել է, թե արդյոք ԱՄՆ-ը դեռ կպաշտպանի՞ իրենց ռուսական ներխուժումից, նույնիսկ եթե նրանք «չվճարեն»:

«Ոչ, ես քեզ չէի պաշտպանի, ասացի ես այդ նախագահին: Իրականում ես կխրախուսեի Ռուսաստանին անել այն, ինչ ուզում են»: Դուք պետք է վճարեք: Դուք պետք է վճարեք ձեր պարտավորության մասը՝ ինչպես հաշիվները»,-հայտարարել է Թրամփը:

Բացի այդ, նա ևս մեկ սկանդալային հայտարարություն է արել, որոնք երեկ գիշերվանից և այսօր հեղեղել են միջազգային մամուլը և բուռն քննարկումների տեղիք դարձել:

Բանն այն է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել ոչ թե անվերադարձ, այլ վարկային ֆինանսավորում տրամադրել Ուկրաինային և Իսրայելին, գրում է Newsweek-ը։

«Ենթադրենք, մենք տալիս ենք այս ամբողջ գումարը, մենք արդեն ներդրել ենք ավելի քան 200 միլիարդ դոլար Ուկրաինայում, և հանկարծ նրանք կարող են հաշտության գործարք կնքել Ռուսաստանի հետ, օրինակ, առաջիկա երեք շաբաթվա ընթացքում,  հանկարծ նրանք այլևս չեն ուզում մեզ հետ գործ ունենալ, այդ դեպքում՝ ի՞նչ: Ես արեցի այդ նույնը ՆԱՏՕ-ի հետ կապված՝ «ես ստիպել եմ նրանց վճարել»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ եթե Ուկրաինան և Իսրայելը դիմեն մեկ ուրիշի օգնությանը, ապա նրանք «շան պես» կլքեն Միացյալ Նահանգները։ Նրա կարծիքով՝ ոչ մի օտարերկրացու կամ ոչ մի այլ երկրի չի կարելի անշահախնդիր,  անվճար օգնություն տրամադրել։

Ավելի վաղ ԱՄՆ Սենատը ներկայացրել էր օրինագիծ, որը միավորում էր սահմանների պաշտպանությանն ու Ուկրաինային ու Իսրայելին օգնություն ցուցաբերելու համար գումար հատկացնելու նախագծերը։

Ընդհանուր առմամբ, օրինագծով առաջարկվում է հատկացնել 118,28 միլիրդ դոլար, որից 60,06 միլիարդ դոլարը՝ Կիևին աջակցելու համար։ Միաժամանակ նախատեսվում է սահմանային անվտանգության վրա ծախսել երեք անգամ ավելի քիչ՝ 20,2 մլրդ դոլար։ Նախագահ Ջո Բայդենը աջակցություն է հայտնել օրինագծին և Կոնգրեսին կոչ է արել հնարավորինս շուտ ընդունել այն։

Սակայն ներկայացված փաստաթուղթն առաջացրել է հանրապետական քաղաքական գործիչների խիստ քննադատությունը։ Ինչպես հայտարարել է Սպիտակ տան նախկին ղեկավար Թրամփը, այս «հրեշավոր օրինագծին կողմ կքվեարկեր միայն հիմարը կամ արմատական ձախ դեմոկրատը»։

Ըստ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի, առաջարկվող օրինագիծը, որը միավորում է Կիևին և Իսրայելին տրվող օգնությունը և Միացյալ Նահանգների սեփական սահմանների պաշտպանությունը, «սպասվածից վատն է», և նախաձեռնությունը դատապարտված է ձախողման։

  • Կիսվել: