կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Դենվերում շինարարները դինոզավրի ոսկոր են հայտնաբերել

Դենվերում շինարարները դինոզավրի ոսկոր են հայտնաբերել

Դենվերի բնության պատմության թանգարանի ավտոկայանատեղիում շինարարական աշխատանքների ընթացքում բանվորները հողի շերտում հայտնաբերել են բացառիկ գտածո։ 

Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ ոչ միայն անսպասելի, այլև զավեշտալի էր դինոզավրի ոսկոր հայտնաբերել բրածո կենդանիների մնացորդների տպավորիչ հավաքածուով հայտնի թանգարանի տակ: 

Գտածոն հայտնաբերվել է ավելի քան 230 մետր խորությամբ հորատանցքում, որը բացվել է երկրաջերմային աղբյուրները թանգարանի ջեռուցման նպատակով օգտագործելու հնարավորությունն ուսումնասիրելու համար։

Դենվերի թանգարանի հավաքածուում առկա են դինոզավրերի մի քանի կմախքներ: Այս առումով հնագույն կենդանու՝ հոկեյի տափօղակի տեսքով ողնաշարի հատվածը, որը գտել են բանվորները, գուցե, այդքան էլ տպավորիչ չի թվում, սակայն դա յուրահատուկ է նրանով, որ պատկանել է մոտ 67 միլիոն տարի առաջ ժամանակակից Դենվերի տարածքում ապրած խոտակեր դինոզավրի։ 

Գիտնականները նշում են, որ թանգարանի տակ այդքան մեծ խորության վրա դինոզավրի ոսկոր գտնելը նման է հրաշքի։ Նրանք խոստովանել են, որ կցանկանային պեղումներ անցկացնել ողջ տարածքում, սակայն դա դժվար թե հաջողվի։ 

 

  • Կիսվել: