երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Դա միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է. Բորիս Ջոնսոնն արձագանքել է Պուտինի որոշմանը

Դա միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է. Բորիս Ջոնսոնն արձագանքել է Պուտինի որոշմանը

Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչման որոշումը ՛՛վատ նախանշան՛՛ եւ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում էր: Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, տեղեկացնում է PA Media-ն։

Նշվում է, որ նա ասել է, որ Ուկրաինայում ճգնաժամը սրվեց այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց երկու անջատված հանրապետությունների ճանաչման մասին:

Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ դիտարկում է՝ արդյո՞ք այդ գործողությունները կարող են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հանգեցնել:

՛՛Դա միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, դա Ուկրաինայի ինքնիշխանության եւ ամբողջականության կոպտագույն խախտում է։ Դա մինսկյան գործընթացի եւ մինսկյան պայմանավորվածությունների մերժում է... Կարծում եմ, որ դա շատ վատ նախանշան եւ շատ մռայլ նշան է՛՛,- ասել է նա Դաունինգ սթրիթում կայացած մամուլի ասուլիսին:

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝  դա ՛՛եւս մի նշան է, որ Ուկրաինայում ամեն ինչ սխալ ուղղությամբ է ընթանում՛՛:

՛՛Ակնհայտ է, որ տեղի ունեցածը չափազանց վատ նորություն է, եւ մենք շտապ կխոսենք մեր ընկերների եւ դաշնակիցների հետ ամբողջ աշխարհում, որոնք բոլորն էլ մեզ հետ ստորագրել են պատժամիջոցների այդ փաթեթը: Պարզ է դառնում, որ մենք պետք է սկսենք առավելագույն ճնշում գործադրել՛՛,-ասել է նա:

Հիշենենք` ՌԴ նախագահը քիչ առաջ ՌԴ քաղաքացիներին ուղղված իր հեռուստաուղերձում հայտարարեց չճանաչված հանրապետությունները ճանաչելու իր որոշման մասին` խնդրելով Դաշնային ժողովին վավերացնել երկու հանրապետությունները ճանաչող փաստաթղթերը, ինչպես նաև բարեկամության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը։

Նշենք, որ Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:

Նշենք նաև, որ Զելենսկին այս առնչությամբ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել:

 

  • Կիսվել: