հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չինաստանը կպահպանի Իրանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը. Սի Ծինփինը՝ Ռայիսիին

Չինաստանը կպահպանի Իրանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը. Սի Ծինփինը՝ Ռայիսիին

Պեկինը անշեղորեն կպահպանի Թեհրանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը: Այս մասին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, տեղեկացնում է IRNA-ն:

ՉԺՀ նախագահը, մասնավորապես, ասել է. ՛՛Անկախ նրանից, թե ինչպես կփոխվի միջազգային և տարածաշրջանային իրավիճակը, Չինաստանն անշեղորեն կպահպանի Իրանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը և առաջ կտանի չին-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերությունը՛՛:

Նշենք, որ Իրանի նախագահի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը Չինաստանի նախագահի հրավերով եռօրյա այցով գտնվում է Պեկինում: Սիի և Ռայիսիի ներկայությամբ Պեկինի ու Թեհրանի միջև ստորագրվել է համագործակցության 20 համաձայնագիր՝ ճգնաժամերի կառավարման, զբոսաշրջության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի, միջազգային առևտրի, մտավոր սեփականության, գյուղատնտեսության, արտահանման, առողջապահության, լրատվամիջոցների, սպորտի և մշակութային ժառանգության ոլորտներում:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը ևս կառուցողական է որակել Պեկինի և Թեհրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը: Նրա խոսքով՝ այդ երկրների երկկողմ հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ չեն, այլ հօգուտ երկու երկրների ժողովուրդների և Մերձավոր Արևելքի կայունության:

  • Կիսվել: