կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ռուսական նավթ գնելու դեպքում Չինաստանը 100 տոկոս մաքսատուրքի կենթարկվի. Բեսենթ

Ռուսական նավթ գնելու դեպքում Չինաստանը 100 տոկոս մաքսատուրքի կենթարկվի. Բեսենթ

Պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթի հետագա գնումների պատճառով Վաշինգտոնը 100 տոկոս ներմուծման մաքսատուրքեր կսահմանի չինական ապրանքների համար։ Այս մասին Ստոկհոլմում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկօրյա առևտրային բանակցությունների արդյունքներն ամփոփելիս Չինաստանին զգուշացրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ Բեսենթը նաև դժգոհություն է հայտնել, որ Չինաստանը շարունակում է իրանական նավթ գնել, որը նույնպես պատժամիջոցների տակ է, և երկակի նշանակության ապրանքներ վաճառել Ռուսաստանին, ինչն ուղղակիորեն ազդում է Ուկրաինայում պատերազմի ձգձգման վրա:

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ Չինաստանի ներկայացուցիչները, ի պատասխան այդ նախազգուշացումների, հայտարարել են, որ մտադիր են հետագայում ևս պաշտպանել իրենց «էներգետիկ ինքնիշխանությունը»: «Չինացիները շատ լուրջ են վերաբերվում իրենց ինքնիշխանությանը, և մենք այն չենք ոտնահարի, եթե նրանք որոշեն վճարել 100 տոկոսանոց մաքսատուրք»,- ընդգծել է Բեսենթը։

Նախարարը հատկապես կարևորել է Կոնգրեսում քննարկվող օրինագիծը, որը նախատեսում է 500 տոկոս մաքսատուրքի սահմանում ռուսական էներգետիկ ռեսուրսներ գնող երկրներից ներմուծման համար։ «Կարծում եմ՝ բոլորը, ովքեր ռուսական նավթ են գնում, պետք է պատրաստ լինեն դրան»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սքոթ Բեսենթը։

  • Կիսվել: