Չինաստանի նախագահը մտադիր է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի ու Պուտինի հետ․ աղբյուր
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նախատեսում է սեպտեմբերի 3-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տոնակատարության ժամանակ, Պեկինում հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է բրիտանական The Times-ը՝ հղում անելով չինացի վերլուծաբանների։
Նշվում է, որ Պուտինն արդեն ընդունել է հրավերը, իսկ Թրամփին պաշտոնական հրավեր կուղարկվի առաջիկայում։
Չինաստանի դիրքորոշմամբ՝ նման ձևաչափով հանդիպումը կարող է «խաղաղության և կայունության հզոր ազդանշան» դառնալ։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս գագաթնաժողովը ձեռնտու կլինի Չինաստանին և Ռուսաստանին՝ արտաքին քաղաքական շահերի տեսանկյունից, սակայն Թրամփի թիմում այն կարող են ընկալել որպես պոտենցիալ քաղաքական ծուղակ՝ Չինաստանի վերահսկողությամբ միջոցառմանը «երրորդ կողմ» ներկայանալու տեսանկյունից, ուստի և, ըստ վերլուծաբանների, Թրամփը կխուսափի մասնակցությունից այն միջոցառմանը, որի օրակարգն ու դիրքավորումը ամբողջությամբ որոշվում են Պեկինի կողմից։


