երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Չենք կարող Ռուսաստանին թույլ տալ վերահսկել իրավիճակն Աֆղանստանում». Բորել

«Չենք կարող Ռուսաստանին թույլ տալ վերահսկել իրավիճակն Աֆղանստանում». Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը չի կարող թույլ տալ Ռուսաստանին և Չինաստանին վերահսկել Աֆղանստանում ստեղծված իրավիճակը:

«Մենք չենք կարող թույլ տալ Չինաստանին և ՌԴ-ին վերահսկել իրավիճակն Աֆղանստանի շուրջ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի ասել է Բորելը՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների առաջ:

Նրա խոսքով՝ ներկա պահին քննարկվում է Աֆղանստանի ապագան, ազգային միասնության կառավարության հնարավոր  ձևավորումը, որում կարող են տարբեր քաղաքական ուժեր մասնակցել, այդ թվում՝ նախկին կառավարության ներկայացուցիչներ:

«Մենք բախվում ենք բոլորովին նոր ողբերգական իրականության հետ Աֆղանստանում: Դա իրական աղետ է աֆղանների համար, Արևմուտքի հեղինակության համար, միջազգային հարաբերությունների զարգացման համար»,- հավելել է Բորելը:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից:

  • Կիսվել: