կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բելգրադի դպրոցում զանգվածային հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի

Բելգրադի դպրոցում զանգվածային հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի: Նրանց թվում են 8 աշակերտներ և դպրոցի անվտանգության աշխատակիցը: Եվս 6 աշակերտ և 1 ուսուցիչ վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգությունն իրականացրած աշակերտին՝ 14-ամյա Վլադիսլավ Ռիբնիկարին:

Ըստ իրավապահների՝ կասկածյալը  հրաձգության համար գործի է դրել իր հոր հրազենը: Միջադեպի շարժառիթը հայտնի չէ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 8:40-ին: Սկզբում հաղորդվում էր 1 զոհի և 5 վիրավորի մասին:

Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է: Ոստիկանությունը գտնվում է դեպքի վայրում՝ փորձելով պարզել ողբերգության բոլոր փաստերը և հանգամանքները:

Զանգվածային հրաձգությունները համեմատաբար հազվադեպ են Սերբիայում, որտեղ զենքի շրջանառության հետ կապված շատ խիստ օրենքներ են գործում: Չնայած դրան՝ Սերբիայում զենք ունեցող մարդկանց թիվը բավական մեծ է:

1990-ականների պատերազմներից և խռովություններից հետո Արևմտյան Բալկաններում հարյուր հազարավոր անօրինական զենքեր կան: 2019 թ.-ի տվյալների համաձայն՝ Սերբիայում 100 մարդուն բաժին է ընկնում 39,1 հրազեն, ինչը աշխարհում երրորդ ամենաբարձր ցուցանիշն է՝ ԱՄՆ-ից և Չեռնոգորիայից հետո:

  • Կիսվել: