ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բելգորոդում 3 հազար մարդու են տարհանում ավիացիոն ռումբի պատճառով. մարզպետ

Բելգորոդում 3 հազար մարդու են տարհանում ավիացիոն ռումբի պատճառով. մարզպետ

Բելգորոդում Շալանդինի փողոցում գտնվող տան մոտակայքում հայտնաբերվել է պայթյունավտանգ առարկա, որը նույնականացվել է որպես ավիացիոն ռումբ, իշխանությունները բնակիչների անվտանգության համար որոշել են տարհանում իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովին։

«Լրացուցիչ տեղեկություններ Շալանդինի արտակարգ իրավիճակի վերաբերյալ։ Սակրավորները պայթուցիկ առարկա են հայտնաբերել։ ՌԴ պաշտպանության նախարարության մասնագետներն այն վնասազերծելու են զորավարժարանում։ Օպերատիվ շտաբը որոշել է 200 մետր շառավղով 17 բազմաբնակարան շենքերի տարհանում իրականացնել։ Նախնական տվյալով՝ ավելի քան երեք հազար մարդ», - գրել է մարզպետը տելեգրամյան ալիքում։

Նա հավելել է, որ մարդկանց կտեղափոխեն ժամանակավոր տեղավորման կետեր, որտեղ անհրաժեշտ ամեն ինչ կա՝ ջուր, տաք սնունդ։ Հատկացվել է 90 միավոր տրանսպորտ: Մարզի ղեկավարի խոսքով՝ բոլոր տները, որոնցից դուրս են բերելու բնակիչներին, լինելու են ոստիկանության պահպանության ներքո:
«Բնակելի շենքերի անմիջական հարևանությամբ ավիացիոն ռումբ է հայտնաբերվել։ Մենք հայտարարել ենք տարածաշրջանային մակարդակի արտակարգ իրավիճակ և դաշնային մակարդակի արտակարգ իրավիճակի մասին հայտարարություն ենք պատրաստել», - ասել է Գլադկովը տեսաուղերձում:

  • Կիսվել: