ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Բելգիայի վարչապետը հրաժարական կտա խորհրդարանական ընտրություններում պարտությունից հետո

Բելգիայի վարչապետը հրաժարական կտա խորհրդարանական ընտրություններում պարտությունից հետո

Բելգիայի կառավարությունը՝ վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի գլխավորությամբ, հրաժարական է տալիս հունիսի 9-ին կայացած Եվրախորհրդարանի և Բելգիայի խորհրդարանի ընտրությունների արդյունքներով։

RTBF հեռուստաալիքը հաղորդում է, որ իր Open VLD կուսակցության ծանր պարտությունից հետո վարչապետը հունիսի 10-ին հրաժարականի որոշումը կներկայացնի Բելգիայի թագավոր Ֆիլիպին:

«Մեզ համար սա շատ դժվար երեկո էր, մենք պարտվեցինք։ Վաղը (խմբ․՝ հունիսի 10-ին) ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից։ Սակայն լիբերալներն ուժեղ են, մենք կվերադառնանք», - ասել է նա։

Այնուամենայնիվ, Դե Կրոն դեռ երկար կգլխավորի կաբինետը, քանի որ Բելգիայում իշխող կոալիցիայի ձևավորման գործընթացն ամիսներ է տևում, և այդ ամբողջ ընթացքում հրաժարական տված կաբինետը շարունակում է կատարել իր պարտականությունները։

Բելգիայում չկան համազգային կուսակցություններ որպես այդպիսիք․ դաշնային խորհրդարանի ընտրություններն անցկացվում են առանձին Ֆլանդրիայում, որտեղ քվեարկում են նիդեռլանդախոս կուսակցությունների օգտին, և Վալոնիայում, որտեղ ընտրում են ֆրանսախոս կուսակցություններին։ Ներկայացուցիչների պալատի 150 տեղերը խստորեն բաժանված են․ 88-ը պատկանում է նիդեռլանդախոս համայնքին, 62-ը՝ ֆրանսախոս համայնքին՝ բնակչության համամասնությամբ։

Նախնական տվյալներով՝ քվեաթերթիկների ավելի քան 90 %-ի հաշվարկից հետո հաղթանակ է տարել Անտվերպենի քաղաքապետ Բարտ Դե Վևերի Նոր ֆլամանդական դաշինք (NVA) չափավոր աջակողմյան կուսակցությունը՝ ստանալով ձայների 23,9 %-ը։ Երկրորդ տեղում են ավելի արմատական ​​աջերը՝ «Վլամս Բելանգ» (Ֆլամանդական շահ) կուսակցությունը՝ ձայների 22,7 %-ով։

Երրորդ տեղում սոցիալիստներն են (13,8 %), չորրորդում՝ քրիստոնյա դեմոկրատները (13 %), այնուհետև` լիբերալները (Open VLD՝ 8,3%), ձախ լեյբորիստները (8,3 %), վեցերորդ և վերջին տեղում՝ կանաչները (7,3 %)։

Վալոնիայում մշակվել է քվեաթերթիկների մոտ 80 %-ը, առաջին տեղը կստանա լիբերալ «Բարեփոխումների շարժումը» (29,6 %), որի անդամներն են Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Բելգիայի ԱԳՆ ղեկավար Աջա Լաբիբը: Երկրորդ տեղում սոցիալիստներն են (23,2 %), երրորդում՝ քրիստոնյա դեմոկրատները (20,7 %):

  • Կիսվել: