երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բելառուսը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի. Լուկաշենկո

Բելառուսը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են արդյունավետորեն դիմակայել մարտահրավերներին եւ սպառնալիքներին։ Այս մասին նա ասել է հայրենակիցներին Հայրենիքի պաշտպանի օրվա եւ Զինված ուժերի 105-ամյակի շնորհավորանքում, նշվել է Բելառուսի նախագահի կայքում։

«Մեր բանակը եղել եւ մնում է հիրավի ժողովրդական, պետականության հենարաններից մեկը, անկախության եւ անվտանգության երաշխավորը, արիության իսկական դպրոց երիտասարդության համար»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նրա խոսքով՝ երկրում ստեղծվել են մարտունակ, գերշարժուն Զինված ուժեր, որոնք զինված են տեխնիկայի նորագույն նմուշներով։ Նա նաեւ նշել է, որ զինվորականներն այսուհետ եւս կկարողանան ամուր կանգնել խաղաղության պահպանության դիրքերում՝ պաշտպանելով հայրենի տունը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մինսկը Բելառուսի շուրջ իրավիճակը գնահատում է ճգնաժամային, որը ենթադրում է ռազմական անվտանգության ուղղակի սպառնալիքների առկայություն։

Պաշտպանության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ այժմ Եվրոպայում մշտական հիմքով տեղակայված են ԱՄՆ ավելի քան 60 հազար զինծառայողներ, որոնք զինված են ժամանակակից հարվածային զենքերով, Հյուսիսատլանտյան դաշինքի մոտ 34 հազար զինվորներ գտնվում են Արեւելյան Եվրոպայում՝ դաշինքի այսպես կոչված «արեւելյան փաղանգն ուժեղացնելու» եւ իրականացվող առաքելությունների շրջանակում։ 

  • Կիսվել: