ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա. ԱՄՆ պետքարտուղար

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ուներ հարգել զոհերի հիշատակը և ոչ թե մեղքը բարդել որևէ մեկի վրա, մասնավորապես, Թուրքիայի: Այս մասին օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Նրա խոսքով՝ Բայդենը շարադրել է իր վաղեմի տեսակետները, երբ նրա անունից Սպիտակ տունը հանգստյան օրերին գրավոր հայտարարություն էր տարածել, որում Ամերիկայի ներկայիս ղեկավարը ճանաչել էր Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունը:

 
«Սակայն կարևոր է նշել նաև, որ նախագահն ապրիլի 23-ին լավ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Գիտեմ, որ նրանք անհամբեր սպասում են հանդիպմանը: Կան շատ խնդիրներ և ոլորտներ, որտեղ մենք սերտ համագործակցում ենք: Թուրքիան Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է:
 
Մենք հանդես ենք գալիս որպես գործընկերներ տարածաշրջանային և գլոբալ շատ հարցերի շուրջ ․.. Մենք կշարունակենք պահպանել ուժեղ երկկողմ հարաբերություններ Թուրքիայի հետ, որը ներառում է համագործակցության ավելի լայն ոլորտներ, ինչպես նաև արդյունավետ կառավարում այն ոլորտներում, որոնց շուրջ կան տարաձայնություններ: Եվ, ինչպես շատ երկրների միջև, մեր միջև ևս կան հակասություններ»,- ասել է Բլինկենը:

  • Կիսվել: