շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բայդենը չի նախատեսում այցելել Ուկրաինա՝ չնայած Զելենսկու կոչի. Սպիտակ տուն

Բայդենը չի նախատեսում այցելել Ուկրաինա՝ չնայած Զելենսկու կոչի. Սպիտակ տուն

Նախագահ Բայդենը չի նախատեսում այցելել Ուկրաինա՝ չնայած Վոլոդիմեր Զելենսկու կոչի, երկուշաբթի օրը հայտնել է Սպիտակ տունը` փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Նախագահի [Ուկրաինա] այցելության ծրագրեր չկան: Թույլ տվեք կրկնել դա»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։

Որոշ եվրոպացի առաջնորդներ նախկինում այցելել էին Կիև, որտեղ հանդիպել են նախագահ Զելենսկու հետ։ Այնուամենայնիվ, Բայդենի այցը մեծ անվտանգության խնդիր է ստեղծում ամերիկացի առաջնորդի համար։ Վարչակազմը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի փոխարեն Ուկրաինա կայցելի բարձրաստիճան մի պաշտոնյա, ամենայն հավանականությամբ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կամ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

Անցյալ շաբաթ Ջո Բայդենն ասել է, որ վարչակազմը կայացնում է որոշում այս կապակցությամբ և շփոթություն առաջացրել, երբ դրական է արձագանքել լրագրողի հարցին, թե արդյոք նա կարող է մեկնել Ուկրաինա:

Երկուշաբթի օրը Ջեն Փսակին ակնարկեց, որ եթե Սպիտակ տունը ունենար նման ծրագրեր, ապա անվտանգության նկատառումներից ելնելով՝ դրա մասին բաց չէր հաղորդվի այս հարթակից:
Սպիտակ տան մամլո քարտուղարը նաև հաստատել է, որ Կիևում ԱՄՆ դեսպանատան վերաբացման հույսեր կան, թեև կոնկրետ ժամկետներ չէր նշվում։

«Մեր նպատակը միանշանակ սա է։ Ակնհայտ է, որ տեղում դիվանագիտական ներկայությունը կարևոր է»,- ասել է Փսակին:

  • Կիսվել: