շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բայդենին եւ Բլինքենին նախապես տեղեկացրել են ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Էրդողանի դիրքորոշման մասին. Hürriyet

Բայդենին եւ Բլինքենին նախապես տեղեկացրել են ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Էրդողանի դիրքորոշման մասին. Hürriyet

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախապես տեղեկացվել են այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է օրակարգ մտցնել ԵՄ-ին անդամակցության հարցը, ինչից հետո մշակվել է նոր «ճանապարհային քարտեզ», չորեքշաբթի գրել է Hürriyet թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«(ՆԱՏՕ) գագաթաժողովի սկսվելուց առաջ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն առաջին անգամ տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին, որ Թուրքիան օրակարգ կմտցնի ԵՄ-ի մասին հարցը։ Բլինքենը, որն աջակցում էր ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին Քլինթոնի վարչակազմի օրոք, հաստատել է այդ աջակցությունը Հաքան Ֆիդանին հեռախոսով։ Բլինքենի եւ Ֆիդանի հեռախոսազրույցից հետո նախագահ Էրդողանը նույն ուղերձով դիմել է ԱՄՆ նախագահ Բայդենին։ Կարճ զարմանքից հետո Բայդեննն ասել է, որ կաջակցի Թուրքիայի քաղաքականությանը, եւ նոր «ճանապարհային քարտեզը» մտցվել է գործողության մեջ»,- գրել է պարբերականը։

Էրդողանը երկուշաբթի հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին  Շվեդիայի անդամակցությունը հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Թուրքիան ընդունվի ԵՄ։ Այդ հայտարարությունից հետո նույն օրը ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը տեղեկացրել է, որ Էրդողանը համաձայնել է «որքան հնարավոր է շուտ» Շվեդիայի հայտի վավերացման փաստաթղթերն ուղարկել խորհրդարան։ Որեւէ կոնկրետ ժամկետ Սթոլտենբերգը չի նշել։ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը Անկարայում տեղեկացրել է, որ Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի դիտարկման կոնկրետ ժամկետ չկա, ընթացակարգը ժամանակ կպահանջի։

Թուրքիան 1963թ. ստորագրել է ԵՄ-ի (այն ժամանակ՝ Եվրոպական տնտեսական ընկերակցություն) հետ ասոցիացման համաձայնագիրը, իսկ 1987-ին միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։ Սակայն բանակցություններն սկսվել են միայն 2005թ., ընդ որում՝ քանիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով։ Այժմ բաց է բանակցային դոսյեի 35 գլուխներից 16-ը։

  • Կիսվել: