Այն, ինչ այսօր հանրությանը ներկայացնում ենք որպես Իրական Հայաստանի գաղափարախոսություն, ապագայի հստակ գծագրված նախագիծ է. Փաշինյան
Քանի որ խոսվում է այն ցիկլի մասին, որը մեկնարկել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններով, որտեղ մեր կարգախոսն էր «Ապագա կա՛, կա՛ ապագա», շատ կարևոր է ի վերջո պատասխանել այդ հարցին՝ մենք այդ կարգախոսը իրագործեցի՞նք, թե՞ ոչ, կա՞ ապագա, թե՞ չկա ապագա: Այս մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ դա իր համար ամենօրյա խորհրդածության նյութ է, և այդ խորհրդածության արդյունքում եկել է հետևյալ եզրակացության. ի՞նչն է գործնականում, որ կա ապագա, և ի՞նչն է, որ գործնականում չկա ապագա:
«Եթե կա ապագայի նախագիծ, հստակ գծագրված, ուրեմն կա ապագա, եթե չկա՝ ուրեմն չկա ապագա։ Եվ այո, մենք այդ խնդիրը լուծել ենք, որովհետև այն, ինչ մենք այսօր հանրությանը ներկայացնում ենք որպես Իրական Հայաստանի գաղափարախոսություն, դա ապագայի հստակ գծագրված նախագիծ է, և այդ նախագծի գոյությունն է երաշխիքը այն բանի, որ կա ապագա, և այդ ապագան ունի շատ կոնկրետ պարամետրեր, և այդ պարամետրերից կարևորագույնը սեփական միջավայրում հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալն է, լիարժեք և ամբողջական հարևանների տարածքային՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ամբողջականությունը ճանաչելը և դրանով սեփական տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը ճանաչելը»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ վերջին 7 տարիները հենց այս համատեքստում հաջողության և ոչ թե անհաջողության պատմություն են: